
25.10.2009«Արևորդի» բնապահպանական փառատոնն իրականացվում է ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: Փառատոնն անցկացվում է ամեն երկրորդ տարի: «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը նախատեսված է անցկացնել 2009թ. հոկտեմբերի 25-29: ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2001թ.-ից: Կազմակերպության գործունեությունն ուղղված է բնապահպանական խնդիրների շուրջ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում և ողջ հարավկովկասյան տարածաշրջանում բնապահպանական խնդիրների այլընտրանքային լուծումների համար բաց ֆորումի ստեղծմանը: Հիմնադրամը կազմակերպում է էկո-կրթական գործընթացներ, փառատոներ և այլ նախագծեր, ինչպես օրինակ` Հայաստանի բնաշխարհի մասին ֆիլմերի թողարկումը: 2007թ. Հիմնադրամն իրականացրեց «Արևորդի» առաջին բնապահպանական փառատոնը, որի նպատակն է միջմշակութային երկխոսության և տարածաշրջանային համագործակցության դաշտ ստեղծելը: Փառատոնի համար հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի ներգրավվածությունը. սա է պատճառը, որ ծրագրի զգալի մաս նվիրված է երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին: Այս բաժինը ներառում է պատանեկան ֆիլմերի մրցութային ծրագիր, ցուցահանդեսներ և այլ բնապահպանական միջոցառումներ: Բացի պատանեկան ու կրթական բաժիններից փառատոնը մրցանակներ է նախատեսել նաև «վայրի բնության մասին լավագույն ֆիլմ» և «բնապահպանական խնդիրների լավագույն հետազոտություն» անվանակարգերում:
«Արևորդի» բնապահպանական փառատոնը անցկացվում է ամեն երկրորդ տարին, և միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում:
Հոկտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի անցկացումը:
ՆՓԱԿ, «Նարեկացի» արվեստի միություն մշակութային կենտրոնները, ինչպես նաև «Մարիոթ» հյուրանոցը կհյուրընկալեն փառատոնի տարբեր ծրագրեր:














