ArtLife
շաբաթվա նկար
Փառատոներ
Ոսկե Ծիրան 2010
Ոսկե Ծիրան 2010 11.07.2010

       Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: 2005թ-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ», որը նաև մշակութային կապերի ու երկխոսության հաստատմանը նպաստելու մեր ոգեշնչման աղբյուրն է: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Հայաստանի ցանկալի աշխարհագրական դիրքը նրան դարձրել է կռվի առարկա տարբեր կայսրությունների համար` սակայն մյուս կողմից արդյունք դառնալով համաշխարհային ազդեցություններով և դինամիկ արվեստի ժառանգությամբ հագեցած քաղաքակրթության: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները այս փոփոխվող աշխարհում իմաստ որոնելիս, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող աշխարհում վերահաստատվելիս:

       Երևանը այդ ժառանգության զարգացող ապացույցն է, իսկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հիմնադրումից կարճ ժամանակ անց դարձավ բոլոր ժանրերի կինոբեմադրիչների, մասնավորապես` խաղաղության համաշխարհային արժեքների, մշակութային ներդաշնակության ու փոխադարձ շփումների ու փորձի փոխանակման ջատագովների համար հանդիպման կարևոր վայր: Համապատասխանաբար, ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բազմաժանր ֆիլմերի միջոցով հանդիսականի դատին է ներկայացնում տարբեր ազգերի, էթնիկ և կրոնական խմբերի ունեցած մարդկային առատ փորձը:

       Չնայած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր բնույթով փոքր ու կոկիկ է` այն շարունակում է գրավել միջազգային ուշադրությունն ու անկեղծ հարգանքը: Ֆիլմերը ներկայացվում են միջազգային մրցութային երկու ծրագրերում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ: Փառատոնն ունի նաև հատուկ համահայկական մրցութային բաժին` «Հայկական համայնապատկեր»-ը, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչների ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք, որով հայտնի է Հայաստանը:

Վերադառնալ